Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փետրվարի 5-ի ստերը

Փետրվարի 5-ի ստերը
06.02.2015 | 13:28

Դեռ անցյալ տարվանից հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն հունվարի 20-ին (հայտնի պատճառներով օրը տեղափոխվեց փետրվարի 5) հրավիրում է ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողով: Հրավիրեց: ՈՒ՝ ի՞նչ: ԲՀԿ նախագահը ելույթ ունեցավ, մի քիչ քնեց ու գնաց: ՈՒրեմն՝ ո՞ւմ հետ էր խորհրդաժողովը: Առավել ևս, որ խորհրդաժողովից հետո անելիքների վերաբերյալ վերջնական որոշումներն ընդունվելու են եռյակի ձևաչափով քննարկումից հետո: Արժե՞ր մարդկանց՝ թեկուզ քաղաքական համարյա ոչ մի ազդեցություն չունեցող կուսակցություններից ու հասարակական կազմակերպություններից հավաքել Աբովյանում ու ասել՝ տեսա՞ք ինձ, լսեցի՞ք, դե գնացեք ու մտածեք: Այդ ձևաչափը խորհրդաժողով կոչվել չի կարող, արքայի հրովարտակը ունկնդրող ազդեցիկ, նվազ ազդեցիկ ու անազդեցիկ նազիր-վեզիրների հավաք է: Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունը հենց դա է նշանակում: Նրանք գոնե թիկունքում 2008 ու 2013 ունեն, ի՞նչ ունի Գագիկ Ծառուկյանը՝ հավակնություններ, որ արտահայտվում են խորհրդարանական ու կորչում նախագահական ընտրություններում:
Երկրորդ գեղեցիկ սուտը՝ արտահերթ ընտրությունների սպառնալիքը: Սա մի դագանակ է, որ ԲՀԿ-ն ձեռքն է առնում ՀՀԿ-ին ասելու՝ սահմանադրական բարեփոխումները մտքներիցդ հանեք, եթե ուզում եք այդ քայլով լուծել ևս տասը տարի պաշտոնավարելու հարցը: Ընդ որում՝ խոսքն ուղղված է անձամբ գործող նախագահին, բայց հասցեագրվում է ՀՀԿ-ին: Սահմանադրական բարեփոխումներ կլինեն, թե չեն լինի՝ ոչ մեկին չեն հետաքրքրում, քաղաքական պայքարի առանցքում իշխանության հարցն է: Համաժողովրդական շարժման ուրվականը մարզերում ու մայրաքաղաքում հանրահավաքների տեսքով կմարմնավորվի, եթե մինչև մարտ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ սահմանադրական բարեփոխումները լինելու են, ու՝ վերջ: Եթե նախագահականում որոշում չկայացվեց, համաժողովրդական ինքնանվանված շարժումը դոփելու է տեղում՝ շարունակելու են գրասենյակներ բացել, որը, պարզվում է, կարևոր գործ է:
Երրորդ սուտը՝ «նոր որակի իշխանության» մասին, որ, իբր, քաղաքական մենաշնորհի վերացում է ենթադրում ու աղքատացնում է քաղաքական միտքը: Ի՞նչ տարբերություն` ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի մենաշնորհն է, եթե երկու կուսակցություններն էլ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ տարբերություն չունեն, ոչ էլ մարտավարության ու ռազմավարության: Մեծ պարծենկոտություն է, որ «քաղաքական միտք» կա Հայաստանում: Հայաստանում կա քաղաքական դիկտատ:
Չորրորդ սուտը՝ հնարավոր է գրագետ և կազմակերպված աշխատանքով խափանել ընտրակեղծիքների մեքենան: Այսինքն՝ ընտրակաշառք բաժանողները նոր ընտրություններում պարտադիր փողկա՞պ են կրելու, իսկ կանայք՝ սպիտակ ձեռնոցնե՞ր:
«Եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»: Այո, բայց հինգերորդ սուտն է, որ ԲՀԿ-ն է լինելու արտահերթ ընտրություններ նախաձեռնողը, իշխանությունները տարբերակները մերժում են արդեն յոթ տարի, իսկ ԲՀԿ-ն սպասում է ՀՀԿ-ի հետ իշխանությունը կիսելուն:
Ասել, թե գնդակը գտնվում է իշխանության դաշտում, նշանակում է հիմնավորել սեփական թիմի պահեստայինների նստարանին մնալը: Հայաստանի իշխանություններն էլ անընդհատ ասում են, թե գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում ու համարում են, որ իրենք անելիք այլևս չունեն: Վեցերորդ սուտն է, որ ֆուտբոլի դաշտը ընդհանրապես Հայաստանում է:
Եվ յոթերորդ սուտը՝ քայլերի ժամանակն անսահման չէ: Այդ սահմանները գծողն էլ ԲՀԿ-ն չէ: Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ փետրվարին տված հրաժարականով սահմանեց, որ ընտրությունները Հայաստանում լինեն փետրվարին: Ռոբերտ Քոչարյանն է, որ կուզի կգա, կուզի չի գա: Սերժ Սարգսյանն է, որ կուզի կմնա, կուզի չի մնա: Բայց ոչ ԲՀԿ-ն, որ գիտի՝ ինչ, բայց չգիտի՝ երբ ու ինչպես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Փաստորեն՝ խորհրդաժողովում պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանն այլևս մեր կողքին չէ, բայց ուղերձ հնչեց, որ ուզենանք՝ իրեն կգտնենք: Իսկ եթե չուզենա՞նք:

Դիտվել է՝ 1911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ